Հայաստանում տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատերի. նախարարը նշել է պատճառը (ՖՈՏՈ)

02.12.2019, 21:13
Հայաստանում տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատերի. նախարարը նշել է պատճառը. ՖՈՏՈ
Հայաստանում տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատերի. նախարարը նշել է պատճառը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով։ Այս մասին Facebook–յան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նա հայտնել է, որ քիչ առաջ ահազանգ է ստացել իր մանկական միկրովիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատերի և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: 

«Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատերի հենց միայն դրանց պատճառով: Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին», – կոչով դիմել է նախարարը։ 

Նա վստահություն է հայտնել, որ Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների: 

Որպես հետգրություն` նախարարն ավելացրել է, որ նկարում երեխայի ջնջխված մատերի ռենտգեն նկարն է: Իրական նկարը չի տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է:–0–