ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության խորհուրդն այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում։
Ինչպես նշվում է ԵՄ Խորհրդի
կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA-ի երկամյա առաքելություն տեղակայելու որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց վստահության և անվտանգության ձևավորման և պայմանների ապահովման նպատակով, որոնք նպաստում են ԵՄ–ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։
Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում (ՀՀ Վայոց Ձորի մարզ): EEAS–ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի Քաղաքացիական գործողությունների հրամանատարի գործառույթները, իսկ Մարկուս Ռիտերը կլինի ԵՄ առաքելության ղեկավարը:
2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը Հայաստանում գործել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): 40 քաղաքացիական մասնագետներ մոնիթորինգ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում գտնվող հայկական տարածքում՝ տարածաշրջանում իրավիճակի վերլուծության և հաշվետվություններ կազմելու նպատալով։–0–