Հայաստանում փոխվեցին կորոնավիրուսային սահմանափակումները. ԱՆ–ն պարզաբանում է

02.03.2022, 16:11
Հայաստանում փոխվեցին կորոնավիրուսային սահմանափակումները. ԱՆ–ն պարզաբանում է
Հայաստանում փոխվեցին կորոնավիրուսային սահմանափակումները. ԱՆ–ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

«Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», – նշում են գերատեսչությունից։

Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:

Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ Առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:–0–