Հայաստանում GeoProMining Gold ընկերության ներդրումները վերջին 10 տարում հասել են գրեթե 200 մլն դոլարի. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում GeoProMining Gold ըկերության ներդրումների ծավալը վերջին 10 տարիների ընթացքում հասել է գրեթե 200 մլն դոլարի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց GeoProMining Gold ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Նա նշեց, որ ընկերությունը հայկական շուկայում ներկայացված է 2008 թ.-ից, և այս ընթացքում լուրջ ներդրումներ է կատարել Սոթքի հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ենթակառուցվածքի կայացման գործում:
«Ամեն տարի մենք ներդնում ենք գրեթե 10 մլն դոլար, որպեսզի աջակցենք արտադրությանը` դա հենց ապրանքային ոսկու արտադրության ծավալների ավելացմանն ուղղված կապիտալ ծախսերն են», - ասաց Գոգոտինը:
Միաժամանակ նա նշեց, որ եթե 2018 թ.-ին քարհանքում արդյունահանման ծավալը կազմել է 15,5 մլն խորանարդ մետր բացհանքային աշխատանք, որից ձեռք է բերվել1,4 մլն տոննա հանքաքար, ապա 2019 թ.-ին նախատեսվում է ավելացնել բացհանքային աշխատանքների ծավալը մինչև 23,5 մլն խորանարդ մետր, ինչը թույլ կտա ավելացնել հանքարդյունահանումը մինչև 1,5 մլն տոնա:
Ընկերությունը նախատեսում է հետևողականորեն ավելացնել արդյունահանման ծավալները, մասնավորապես, 2020 թ.-ին նախատեսվում է, որ այդ ցուցանիշը կկազմի 1,6 մլն տոննա, այդ թվում` երկաթուղով հանքաքարի փոխադրման ապահովման հաշվին, ինչը նվազեցնում է ընկերության տրանսպորտային բաղադրիչի ծախսերը և թույլ է տալիս բացել նոր աշխատատեղեր:
Ինչպես նշեց ընկերության ղեկավարը, ընկերության կողմից ստացվող Դորե ձուլվածքի հիմնական մատակարարումները, որը ստանում է ընկերությունը, մատակարարվում են Շվեյցարիա` հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանում աֆինաժային գործարանի կառուցման հնարավորությանը, ապա Գոգոտինը կարծում է, որ երկրի համար դա տնտեսապես ոչ արդյունավետ կլինի` հաշվի առնելով ոսկու հանքաքարի առկա ծավալը:
GeoProMining Gold ընկերությունը ներառված է GeoProMining միջազգային ընկերությունների խմբի մեջ։ 2007–2017 թթ.–ի ընթացքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Սոթքի հանքավայրն ամբողջությամբ նորացվել են։ 2008 թ.–ից ի վեր` Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման և Արարատի ֆաբրիկայի վերակառուցման համար ընկերությունը ներդրել է 200 մլն դոլար։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 1 240 մարդ, որից 753–ը` Սոթքի հանքում, 432–ն` Արարատի ֆաբրիկայում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աշխատելու 10 տարիների ընթացքում GeoProMining–ը կատարել է 500 մլն դոլարի ներդրում։-0-

