Հայաստանում առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում

28.02.2020, 18:22
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի մոմուլի ծառայությունը:

Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան:

Կարեն Մանուկյանի խոսքով՝ էնդոսկոպիկ միոտոմիան բժշկության մեջ կիրառվում է վերջին 10 տարիների ընթացքում, սակայն այս միջամտությունը ոչ բոլոր բժշկական կենտրոններում է կատարվում, իսկ Հայաստանում այսպիսի վիրահատություն մի քանի անգամ իրականացրել են արտերկրից ժամանած մասնագետները:

«Էնդոսկոպիկ միոտոմիան կերակրափողի ախալազիայի բուժման մյուս մեթոդներից տարբերվում է քիչ տրավմատիկությամբ՝ չկա կտրված, վերք, իսկ հետվիրահատական շրջանն ավելի կարճ է և թեթև հիվանդների համար»,-նշել է էնդոսկոպիստը՝ ավելացնելով, որ գոյություն ունեն ախալազիայի տեսակներ, որոնք այլ եղանակներով հնարավոր չէ բուժել:

Կերակրափողի ախալազիան նյարդամկանային հիվանդություն է, որը արտահայտվում է ստորին կերակրափողային փականի (նաև անվանվում է կարդիալ փական) ռեֆլեկտոր թուլացման անբավարարությամբ կամ բացակայությամբ:

Ինչպես նշել է Կարեն Մանուկյանը, կերակրափողի ախալազիայի ժամանակ մկանները, որոնք կծկվում ու դժվարացնում են սննդի անցանելիությունը, պետք է կտրվեն, որպեսզի սնունդը հեշտությամբ կերակրափողով անցնի դեպի ստամոքս:

Հիվանդի վիճակը, որին կերակրափողի ախալազիայի կապակցությամբ կատարվել է էնդոսկոպիկ միոտոմիա գնահատվում է բավարար:-0-