ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց: Նախաձեռնության առաջին քայլը կամավորների բանկի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գնահատելու մեր ունեցած մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ծառայությունների բազմազանությունն ու բաշխվածությունը՝ ըստ տարածքների:
«Սոցիալական շտապօգնության» կամավորների ռեեստրում գրանցումը կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով և փոխօգնության գաղափարախոսությամբ:
«Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են` հոգեբանական օգնություն, խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում, փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով), կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնության» գաղափարի իրականացման հարցում փնտրում է գործընկերների:
Գործընկեր կամավորների ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:-0-