Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` 3000-ից ավել չպատվաստված մարդ է մահացել. փորձագետ

17.11.2021, 16:31
Հայ փորձագետը նշել է, մահերի 40%-ը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե քաղաքացիները ժամանակին պատվաստվեին, բայց էլի ուշ չէ, որովհետև կորոնավիրուսային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` 3000-ից ավել չպատվաստված մարդ է մահացել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկից ի վեր` Հայաստանում 3000-ից ավել չպատվաստված մարդ է մահացել:

Загружается новость ... "Лево"

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում ասաց ԵՊԲՀ ավագ դասախոս, Հանրային առողջության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով, մահերի 40%-ը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե քաղաքացիները ժամանակին պատվաստվեին, բայց էլի ուշ չէ, որովհետև կորոնավիրուսային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ:

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով անհրաժեշտ է տվյալներ հրապարակել, թե պատվաստվածներից քանիսն են վարակվել, և մահվան դեպքերում քանիսն են եղել պատվաստված, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պատվաստանյութերն արդյունավետ են:

«Օրինակ մենք ամեն շաբաթ հաշվում ենք Եվրամիության 5 ամենաշատ և ամենաքիչ պատվաստված երկրների հիվանդությունների և մահերի թիվը, այդ տվյալների բազան հասանելի է: Եվ կարող եմ հայտարարել, որ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 5-ը մոտավորապես 3-4 անգամ ավելի շատ մահվան դեպքեր են արձանագրվել քիչ պատվաստված երկրներում, և մոտ 10-20 անգամ ավելի քիչ մահվան դեպքեր են արձանագրվել ավելի շատ պատվաստված երկրներում», – ասաց Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ այս տվյալերին նայելիս, որևէ կասկած չկա, որ պատվաստանյութերն արդյունավետ են թե´ հիվանդության կանխարգելման, թե´ հիվանդության ծայրահեղ ծանր և անդառնալի հետևանքների սահմանափակման համար:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է մարդկանց հետ ճիշտ հաղորդակցումն ու պատվաստումների վերաբերյալ առաջացած հարցերին օբյեկտիվ պատասխաններ տալը:

«Օրինակ՝ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչու վարակված մարդը պետք է պատվաստվի: Կամ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց վտանգավոր չէ՞ պատվաստել։ Իհարկե կարելի է, որովհետև դա առաջին հերթին հենց իրենց է պետք, բայց էլի օբյեկտիվ հարց է, որ շատերի մոտ առաջանում է»,-նշեց Մելիք-Նուբարյանը:

«Մարդիկ ավելի շատ են վստահում սոցիալական ցանցերում տեղ գտած ինֆորմացիային, իսկ մենք գիտենք, որ այդ ինֆորմացիան շատ հաճախ կեղծ է լինում: Եվ այն երկրները, որոնք ավելի շատ են վստահում սոցցանցերին, պատվաստումներն ավելի քիչ են, իսկ այն երկրներում, որտեղ վստահությունն ավելի քիչ է, ավելի բարձր են պատվաստումների ցուցանիշները»,- ընդգծեց փորձագետը:

Մելիք-Նուբարյանը նշեց նաև, որ Հայաստանը մոտ 3 ամսից չի բացառվում, որ կկանգնի Covid-19-ի բռնկման 5-րդ ալիքի առջև, ուստի այս առումով ևս շատ կարևոր է հնարավորինս արագացնել պատվաստման գործընթացը, որպեսզի կանխարգելվի վարակի տարածումը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:–0–