Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի սակագները կնվազեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին նշվում է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Facebook–յան էջում։
«Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%, տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%», – նշում է ՀՀ վարչապետը:
Նա նաև հիշեցրել է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:
«Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում», – նշել է ՀՀ վարչապետը:–0–