Հայաստանը չի նախատեսում սահմանափակել չվերթերը դեպի Ռուսաստան
28.12.2024,
11:35
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել չվերթերը դեպի Ռուսաստան ադրբեջանական ինքնաթիռի կործանման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում սահմանափակել քաղաքացիական ավիաընկերությունների թռիչքների իրականացումը դեպի Ռուսաստան Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը դուրս էր եկել Բաքվից դեպի Գրոզնի, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով ուղևորվել է պահեստային օդանավակայան։ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Զոհվել է 38 մարդ, այդ թվում՝ ՌԴ 7 քաղաքացի։