Հայաստանի բոլոր պետական բուհերը կտեղափոխվեն Երևանից դուրս. Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 8 պետական բուհ

01.09.2022, 12:24
Հայաստանի բոլոր պետական բուհերը կտեղափոխվեն Երևանից դուրս. Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 8 պետական բուհ
Հայաստանի բոլոր պետական բուհերը կտեղափոխվեն Երևանից դուրս. Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 8 պետական բուհ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերին, որտեղ կտեղափոխվեն հանրապետության բոլոր պետական բուհերը։

«Մեր բուհերը, ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքի, այնպես էլ կրթական գործընթացի մակարդակում, հաճախ չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Երկրում կամ չկան բուհական չափորոշիչներ, կամ դրանք չեն գործում։ Բարձրագույն դիպլոմով մարդիկ հաճախ մրցունակ չեն աշխատաշուկայում», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների կոնսոլիդացման և ինտեգրման ճանապարհով։

«Կունենանք առավելագույնը 8 պետական բուհ։ Այդ բուհերը, լիարժեք պետական ֆինանսավորմամբ, կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին` սկսած ֆիզիկական, այդ թվում` կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վարձատրվող պրոֆեսորադասախոսական կազմը։ Մենք արդեն կողմնորոշվել ենք Ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով։ Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ` Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ», – ասաց Փաշինյանը։

Նախորդ տարվա գարնանը Փաշինյանը խոսել էր «հայկական բուհերի շենքերը վաճառքի հանելու գաղափարի մասին` այդ միջոցներով Երևանի սահմաններից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու նպատակով»։ Այդ կապակցությամբ ԶԼՄ–ներում և սոցցանցերում դժգոհության ալիք էր բարձրացել, որոշ օգտատերեր սկսեցին հրապարակել բուհերի լուսանկարները, որոնք ֆոտոշոպի միջոցով վերածվել էին տարբեր օբյեկտների` սուպերմարկետ, հյուրանոց։

Այն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հերքեց բուհերի շենքերի վաճառքի մասին լուրերը։

Մեկնաբանելով Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը` նախարարը նշել էր, որ եթե Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվի, բազմաթիվ բուհեր «կցանկանան տեղափոխվել այնտեղ, և համալսարանների այն շենքերը, որտեղ արդեն նպատակահարմար չի լինի ուսուցում կազմակերպել, կարելի է վաճառել»։–0–