Հայ–ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույց են կազմակերպել ռեկտորի հրաժարականի պահանջի դեմ (ՎԻԴԵՈ)

Ակցիային մասնակցում են բուհի ուսանողներ, դասախոսներ, ադմինիստրատիվ աշխատակիցներ և շրջանավարտներ, որոնք իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն են հայտնում ռեկտորի նկատմամբ գործադրվող հնարավոր ճնշման և հրաժարականի պահանջի կապակցությամբ։
Համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, դոկտոր–պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն իր ելույթում հայտարարեց, որ գործունեության բոլոր տարիների ընթացքում համալսարանը զերծ է մնացել քաղաքական «մարտերից»։
«Համալսարանի ձեռքբերումներն այսօր ծանրակշիռ ավանդ են ռուս–հայկական գիտական համագործակցության մեջ։ Համալսարանի հարթակը բացառիկ է ռուսական և հայկական գիտական շրջանակների փոխգործակցության տեսակետից», – ընդգծեց նա։
Կոնֆլիկտի պատմությունը
Մի քանի օր առաջ Դարբինյանը հրապարակային հայտարարեց, որ «վերջին ամիսների ընթացքում վարչապետի աշխատակազմի և ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծվել են իրեն պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը»: Նա Facebook–յան իր էջում հրապարակեց բաց նամակ` հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի համաձայն` իրեն ԱԱԾ–ի միջոցով փոխանցվել է ռեկտորի պաշտոնից հրաժարվելու պահանջ։
Մերժելով Փաշինյանի պահանջը` Դարբինյանը վստահեցրել է, որ «եթե երբևիցե որոշի հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Փաշինյանին տապալել և քոքահան անել նիկոլիզմը Հայաստանյան քաղաքական ասպարեզից»։
Որպես համալսարանի և անձամբ Դարբինյանի նկատմամբ թշնամանքի ևս մեկ դրսևորում նշվել է Փաշինյանի հակառուսական էությունը, որը նա «երբեք չի թաքցրել, անգամ այժմյան կռացած և վասալային կեցվածքի տակ»։
«Թավշյա հեղափոխությունից» հետո
Երբ Փաշինյանը 2018թ.–ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո գլխավորեց կառավարությունը, Դարբինյանն առաջիններից էր, ով ողջունեց Փաշինյանի` իշխանության գալը։
Սակայն ավելի ուշ ռեկտորը սկսեց քննադատաբար վերաբերվել կառավարությանը։ Մասնավորապես, նախորդ տարվա գարնանը Դարբինյանը պահանջեց չեղարկել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախաձեռնել էին իշխանությունները։
Հայ–ռուսական համալսարանի ռեկտորն ավելի ուշ կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։
Սպասելով իշխանությունների արձագանքին...
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պաշտոնական մեկնաբանություն ստանալու հայցով դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին` խնդրելով մեկնաբանել Դարբինյանի նամակը։ Մեզ հետաքրքրում են հրաժարականի պահանջի պատճառները, ինչպես նաև Փաշինյանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
Մեր թղթակիցը Գևորգյանից դեռ պատասխան չի ստացել (օրենքով` դրա համար նախատեսված է 5 օր)։
Այս պահին չկա Ռուսաստանի` համալսարանի երկրորդ համահիմնադրի պաշտոնական դիրքորոշումը Դարբինյանի հրաժարականի կապակցությամբ։
Նախարարը տեղյակ չէ՞
Միաժամանակ, այս հարցին անդրադարձ է կատարվել նախօրեին ԱԺ–ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայ–ռուսական համալսարանի շրջանավարտ Սուրեն Գրիգորյանը, դիմելով նիստին ներկա Փաշինյանին, խնդրեց արձագանքել Դարբինյանի աղմկահարույց հայտարարություններին։
«Ինձ համար ցավալի էր այդ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի բաց նամակին ծանոթանալը: Կարծում եմ, որ այդ գնահատականներին պետք է արձագանքել», – նշել է Գրիգորյանը։
Պատգամավորին պատասխանեց ոչ թե Փաշինյանը, այլ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Ափսոսանք եմ հայտնում Սլավոնականի ռեկտորի նման ելույթի համար, որտեղ նաև ԿԳՄՍՆ-ի մասով էլ կա պնդում: Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍՆ-ում ստվերային ուժեր կան, որոնց մասին ես տեղյակ չեմ։ Սլավոնական համալսարանը, իրոք, մեր լավագույն բուհերից է. մենք երկար տարիներ շարունակում ենք համագործակցությունը: Գաղտնիք չէ, որ սլավոնական համալսարանի ուսանողները պատշաճ մակարդակով հանդես են եկել միջազգային մրցույթներում, երբևիցե խնդիր չի եղել: Ռեկտորի հետ առհասարակ նույնիսկ հեռախոսազրույց չի եղել: Մեծ ափսոսանք եմ հայտնում և կարծում եմ, որ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը ու կասի, թե ինչ է նկատի ունեցել: Ես ընդամենը կարող եմ ասել՝ պարոն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա», – նշել է Դումանյանը։Այսօր ԿԳՄՍ–ն տարածել է հաղորդագրություն` նշելով, որ Հայ–ռուսական համալսարանից աշխատանքային կարգով հայցվել է կանոնադրությունը, որը բացակայում է համալսարանի կայքում։
Համալսարանի մասին
Հայ–ռուսական համալսարանը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 1997թ.–ի օգոստոսի 29–ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Համալսարանը Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ենթակայությամբ գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, ունի երկու երկրների պետական բուհի կարգավիճակ, Ռուսաստանի և Հայաստանի լիազոր գերատեսչությունների արտոնագրեր։
2015թ.–ից համալսարանում գործում է նաև հայկական բաժին։
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը 1998–1999թթ.–ին։ 2001թ.–ից զբաղեցնում է համալսարանի ռեկտորի պաշտոնը։–0–