Հայ ռազմագերիների հարցը մնում է ռուսական օրակարգում. ՌԴ դեսպան

09.05.2021, 14:57
ՀՀ–ում ՌԴ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
Հայ ռազմագերիների հարցը մնում է ռուսական օրակարգում. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ և արդյունավետ է գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցը։

«Նախարար Լավրովի այցը Երևան արդյունավետ և կառուցողական էր, որն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և երկրների քաղաքական երկխոսության մակարդակին»,– ասաց Կոպիրկինը կիրակի լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Լավրովը մայիսի 5–6–ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում, որի շրջանակում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի պ.կ Արա Այվազյանի և ՀՀ վարչապետի պ.կ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են հայ–ռուսական երկկողմ օրակարգի առավել ակտուալ հարցեր, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն, ինչպես նաև Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020թ.–ի նոյեմբերի 9–ի համաձայնագրի շրջանակում։

ՌԴ դեսպանը պատասխանելով այն հարցին, թե Լավրովի ու հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը, նշել է, որ ռազմագերիների հարցը «մնում է ռուսական օրակարգում»։

«Քննակվել է հարցերի ողջ շրջանակը, որոնք վերաբերում են մեր երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին ու բնականաբար` Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին», – նշեց նա։–0–