Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է

12.07.2022, 10:15
Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է
Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունն այս պահին կասեցված է:

Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է պարզաբանում՝ հայտնելով, որհուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

«Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook-յան էջում։

Նախարարությունից նաև հիշեցնում են, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։

Загружается новость ... "Лево"

Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։

Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։

Նշենք, որ հայ գործարար, նախկին պատգամավոր Ծառուկյանը Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էր 2022թ.–ի հունվարին։ Այնուհետև հայտարարվել էր մրցույթ և ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվեցին 12 լավագույնները, արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Հուլիսի 9–ին Կոտայքի մարզում` Հատիս լեռան վրա, տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը և տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը։

Նախատեսվում է, որ այն կլինի Քրիստոսին նվիրված ամենաբարձր արձանը, նրա ընդհանուր բարձրությունը, պատվանդանի հետ միասին, կկազմի 77 մետր։ Կբացվի նաև թանգարան, ճոպանուղի, կգործեն քոթեջներ և սրճարան, զբոսաշրջիկների ներգրավման համար նախատեսված այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։-0-