Հասնելով առաջնային հանգրվանի․ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները

15.01.2025, 12:45
Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, նշել է Փաշինյանը
Հասնելով առաջնային հանգրվանի․ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք: 

Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ: 

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված: 

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի: 

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա: 

Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել:

Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում: 

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն: 

Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել: 

Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում: 

Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել: 

«Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում», – նշել է Փաշինյանը։