Հանրային սննդի օբյեկտներում սեղաններին կարգելվի աղաման դնել. կսահմանվի տուգանք

04.03.2022, 11:00
Հանրային սննդի օբյեկտներում սեղաններին կարգելվի աղաման դնել. կսահմանվի տուգանք
Հանրային սննդի օբյեկտներում սեղաններին կարգելվի աղաման դնել. կսահմանվի տուգանք
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տեղեկացմամբ, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է, որն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել:

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:

Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 և կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:–0–