ՀՀ-ում մթերային խուճապ է, մարդիկ մեծ քանակի մթերք են գնում. էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է

11.03.2022, 23:17
ՀՀ-ում մթերային խուճապ է, մարդիկ մեծ քանակի մթերք են գնում. էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է
ՀՀ-ում մթերային խուճապ է, մարդիկ մեծ քանակի մթերք են գնում. էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է արել քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել:

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ», - գրել է Քերոբյանը Facebook-յան իր էջում:

Նախարարի խոսքով, մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները», - վստահեցրել է Քերոբյանը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ի թղթակիցը, Երևանի սուպերմարկետներում այսօր իրարանցում էր, մարդիկ խուճապահար գնում էին առաջին անհրաժեշտության մթերքներ, մասնավորապես, շաքարավազ, ալյուր, մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, ձեթ, կարագ: Որոշ խանութներում շաքարավազն անգամ վաճառվում էր սահմանափակ քանակությամբ՝ 1 անձին առավելագույնը 5կգ:-0-