ՀՀ–ում գտնվող օտարերկրյա քաղաքացին պե՞տք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր․ պարզաբանում են ՊԵԿ–ից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացնում օտարերկրյա քաղաքացիների կողմից եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորության առնչությամբ։
Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ, նշում են ՊԵԿ–ից։
Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։
«Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն», – նշում են ՊԵԿ–ից։