ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
-
եթե դեռ չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմեք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա՝ անկախ գրանցման վայրից, և պատվաստվեք,
- եթե ունեք սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն) անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, անհարկի մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:-0-