ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հայկական շուկայից ընկերության հեռանալու մասին լուրերը։
Հայկական ինտերնետային տիրույթում լուրեր են շրջանառվում հայկական հեռահաղորդակցական շուկայից Beeline ընկերության հնարավոր հեռանալու մասին։
«Այն ամենը, ինչ վերաբերում է շուկայից ընկերության հեռանալուն և տարբեր երկրներում ակտիվների ապագային, կարող են մեկնաբանել ընկերության բաժնետերերը, որոնց կենտրոնական գրասենյակը գտնվում է Ամստերդամում», – նշեց Պյատախինը։
Նա իր կողմից նշեց, որ ընկերությունը մեծ ներդրումային ծրագրեր է նախատեսում 2019թ.–ին` չներկայացնելով կոնկրետ ցուցանիշներ։
Նրա խոսքով, ընկերությունը շարունակում է ակտիվ աշխատանքը հայկական շուկայում` ընդգծելով, որ Beeline–ը շարունակում է արդիականացնել Հայաստանի ֆիքսված ցանցը, կառուցել բջջային ցանցեր, ստեղծել լրացուցիչ ծառայություներ հաճախորդների համար։
«Այսինքն, մենք անում ենք ամեն ինչ երկար ժամանակ Հայաստանում լինելու համար և որպեսզի հաճախորդները միշտ մեզ հետ լինեն», – նշեց Պյատախինը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–