ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից Ադրբեջանի տարածքը չի թիրախավորվել․ ՊՆ

02.10.2020, 15:38
ՀՀ ՊՆ ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով
ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից Ադրբեջանի տարածքը չի  թիրախավորվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա գրել է, որ չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: 

«Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»,- ասվում է գրառման մեջ:-0-