ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ

30.07.2021, 09:52
Երեկ երեկոյան կասեցվել են ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր
ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Իրավիճակը սահմանին

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։–0–