ՀՀ սահմանագոտում Ադրբեջանի բնակիչ է հայտնաբերվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», – նշել է Հովհաննիսյանը։–0–