ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բերման է ենթարկվել Մոսկվայում

30.12.2024, 17:37
Կարապետյանի նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բերման է ենթարկվել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Արշակ Կարապետյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը կամ կազմակերպելը) և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:

2024 թվականի ապրիլին Կարապետյանը նախաձեռնել է «Համահայկական ճակատ» շարժումը և դարձել դրա առաջնորդը։ 

Կարապետյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի օգոստոսի 3-ից նոյեմբերի 15-ը։ 2018-2021 թվականներին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։