ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում մեկնաբանել է դատաիրավական բարեփոխումների հետ կապված իրավիճակը։
«Ես սպասում եմ այն օրվան, երբ դատաիրավական համակարգի բարեփոխումների, զանազան գործիքների, ինստիտուտների ստեղծման հանրային քննարկումները ավելի կոնկրետ մարմին կունենան: Այդ մարմինը կունենա առաջարկությունների տեսք, ասենք՝ կառավարությունից Ազգային ժողով», – ասել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը նշել է, որ Ազգային ժողովը, հանրությունը կքննարկեն, և երբ այդ կոնկրետ առաջարկը կհայտնվի Հանրապետության նախագահի գրասեղանին, նա ամենայն ուշադրությամբ կծանոթանա և իր կարծիքը կարտահայտի:
«Բայց դա, իհարկե, չի բացառում, որ եթե առանձին անհատներ, որոնք հետաքրքրված են, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն ինձ, ես իմ անձնական կարծիքը, փորձառությունը կոնֆիդենցիալ ձևով կփոխանցեմ իրենց: Սա ընդամենը կլինի Արմեն Սարգսյանի կյանքի փորձի փոխանակում առանձին իրավաբանների, մասնագետների հետ, որոնց հետ շփվելիս, նորից եմ ասում, կոնֆիդենցիալ ձևով ես երբեք չեմ զլանա իմ կարծիքը ասելու», – ընդգծել է ՀՀ նախագահը։
«Իրականում ես ինքս էլ կարիք ունեմ քննարկման, տարբեր կարծիքներ լսելու, նախապատրաստվելու այն օրվան, որի մասին Ձեզ ասում էի՝ երբ օրենքը կամ օրենքները կհայտնվեն Հանրապետության նախագահի սեղանին: Ես ինքս աշխատում եմ ամեն օր», – նշել է ՀՀ նախագահը:–0–