ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գործող իշխանությունները հրաժարական չեն տալիս, քանի որ վախենում են պատժվել, բացի այդ նրանց ծրագրերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չեն ավարտվել, կարծում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
«Երբ հասարակությունում մշտապես կրկնվում է այն միտքը, որ նրանք (իշխանությունները) պետք է հենց այսօր պատժվեն, ապա դա ավելացնում է փոփոխությունների վախը։ Դա բացահայտ հոգեբանական պահ է` «գնամ, որպեսզի ինձ պատժե՞ն»...։ Վստահ եմ, որ պետք է գտնել այլ միջոց (իշխանափոխության)», – ասաց նա հինգշաբթի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում հայկական պետության այսօրվա ազգային շահերին։
Թուրք–ադրբեջանական տանդեմն ու Հայաստանը
Ինչպես կարծում է Ալավերդյանը, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են առնվազն երկու պայմանագիր կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ
«Չգիտեմ` դա արվելու է հիմա, բայց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրապարակված նյութերից ակնհայտ է, որ ծրագրված է նման պայմանագրերի կնքում», – հայտարարեց նա։
Նա ընդգծեց, որ Թուրքիան չի ձգտում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` որպես իրավահավասար գործընկերոջ, այլ փորձում է ստիպել մեզ վարել հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն։
Նրա խոսքով, Թուրքիան ուզում է միջազգային պայմանագրի միջոցով ամրագրել ապօրինի սահման Հայաստանի հետ, այն ապահովել միջազգայնորեն ճանաչված կարգավիճակով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինչպես նշեց Ալավերդյանը, այդ երկիրը փորձում է կնքել այսպես կոչված Խաղաղության պակտ։
«Ադրբեջանն ուզում է թողնել իրավիճակը ներկա ձևով, (ներառել) Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում, իսկ մնացած փոքր հատվածներում քննարկել մշակութային ինքնակառավարում», – ասաց նա։
Նախկին օմբուդսմենը նշեց, որ նրանց երկրորդ թիրախը Սյունիքն է, Ադրբեջանի քաղաքական շրջանակները Զանգեզուրը (Սյունիքի պատմական անվանումը, խմբգր.) միշտ համարել են ադրբեջանական հող։
Այդ համոզմունքը, նրա խոսքով, բխում է նրանից, որ Նախիջևանը, Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էին` որպես վիճահարույց տարածքներ։
Հայ գերիների խնդիրը
Ալավերդյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցին։
Նրա խոսքով, Փաշինյանը երբեք չի ընդունի իր մեղքն այդքան հայերի գերեվարման մեջ, և այդ հիմքով Ալիևը միշտ կունենա հաղթաթուղթ։
«Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունը կսկսի արտահայտել ազգային շահեր, այդ ժամանակ գերիների և զոհերի մարմինների վերադարձի, այլ հումանիտար խնդիրները կլուծվեն բնական կերպով», – հայտարարեց նա։–0–