ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

16.01.2025, 14:57
Կառավարությունը հաստատել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գործադիրը հաստատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները: 

Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերի 10-ին: 

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

Մրցույթն ընթացել է ինստիտուտի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: 

Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տիգրան Սիմոնյանն արդեն իսկ շուրջ 1 տարի բուհի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: 

Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Բուհը նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որոնք հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի աշխատանքներին: Հավատացեք, որ բուհն ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու նաև այս հարցերին»: