ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեպքերի հետագա հնարավոր աճի վատագույն սցենարները։
«Մենք հիմա քովիդով ենք դարձնում այնպիսի բժշկական կենտրոններ, որ երբեք չէին մտածում քովիդով զբաղվելու մասին: Փոքր շրջանային կենտրոնների մասին է խոսքը, և դրանով, այդ վերջնական մոբիլիզացիայով առողջապահական ամբողջ ռեսուրսները սպառվելու են ավելի ծավալվելու տեսանկյունից», – ասել է նա «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Առողջապահության նախարարն ընդգծել է, որ հունիս–հուլիսից հետո վերադառնալով սովորական աշխատանքին` հիվանդանոցները մեծ մասամբ կրկին սկսում են վերապրոֆիլավորվել քովիդով հիվանդների համար, բացառությամբ մի քանի բուժհաստատությունների, որոնք զբաղվում են վիրավորներով (խոսքն Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների մասին է, խմբգր.)։
Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի շարունակվող աճի դեդպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ոչ բոլոր վարակակիրները կկարողանան հոսպիտալացվել։
«Եթե մենք ունակ չլինենք բոլորին հոսպիտալացնել, չեն բացառվում դեպքեր, որ լինեն արտահիվանդանոցային մահեր, և դա կարելի է գնահատել, որ բուժօգնությունը պատշաճ կամ ժամանակին չմատուցելու արդյունքում է այդ մահն արձանագրվել, սակայն դա, իհարկե, չի նշանակի, որ հնարավոր էր անել, բայց չարվեց, դա պարզապես հնարավոր չի լինի անել և չի արվի, և դրանով է պայմանավորված, որ բոլորս պետք է հենց մեզ պաշտպանենք», – ընդգծել է նա։
«Մեր կողմից, որպես ոլորտը կարգավորող մարմին, իհարկե, առաջնահերթություն կլինեն վիրավոր զինծառայողները, միանշանակ։ Եվ այս տրամաբանության շրջանակում մենք առաջ ենք շարժվելու», – հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով, այս պահին կորոնավիրուսով հիվանդները զբաղեցնում են 2315 հիվանդանոցային սովորական մահճակալ և 281 ռեանիմացիոն մահճակալ, նրանց ընդհանուր թիվը կավելացվի մոտ 200–ով փոքր բուշկենտրոնների ներգրավման արդյունքում։
Թորոսյանը նաև նշել է, որ արտահիվանդանոցային միջոցառումները, ցավոք, անարդյունավետ են, քանի որ կարևոր է հիվանդներին ապահովել թթվածնով։
«Հիվանդանոցային բուժումն այլընտրանք չունի», – հայտարարել է նա։
Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացման վատագույն սցենարով կանխատեսում է 4–9 հազար մահ փետրվարի 1–ի դրությամբ։
Թորոսյանի խոսքով, կորոնավիրուսի դեպքերի թվի ավելացումը կանխատեսելի էր, սակայն Արցախի պատերազմն ավելացրեց այդ ցուցանիշները, քանի որ պատերազմի պայմաններում դժվար է պահպանել հակահամաճարակային նորմերը։
Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև «հակադիմակային և հակաքովիդային» շարժումների ջատագովներին.։
«Նրանք պետական դավաճաններից չեն տարբերվում այս իրավիճակում, ես ուղիղ ասում եմ, այսինքն` հակադիմակային որևէ կոչ անող կամ հակաքովիդային կոչ անող մարդիկ այսօր պետական դավաճաններ են», – ասել է նախարարը:
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ:–0–