ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկել է 1 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ–ի տվյալներով, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։
«Երևանի չորս ընտրական օկրուգներից առաջինում քվեարկել է ընտրողների 60,69 տոկոսը (111 516), երկրորդում` 59,51 տոկոսը (126 471), երրորդում` 58,34 տոկոսը (130 878) և չորրորդում` 55,37 տոկոսը (115 590)», – ասաց Մուկուչյանը լրագրողներին։
ԿԸՀ–ի տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 68,45 տոկոսը (151 622), Արմավիրում` 55,53 տոկոսը (128 844), Արագածոտնում` 66,55 տոկոսը (77 739), Գեղարքունիքում` 67 տոկոսը (128 416), Լոռիում` 57,96 տոկոսը (138 114), Կոտայքում` 59,04 տոկոսը (140 761), Շիրակում` 57,76 տոկոսը (133 246), Վայոց Ձորում և Սյունիքում` 66,91 տոկոսը (108 697) և Տավուշում` 66,39 տոկոսը (73 053)։
Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք` իշխող ՀՀԿ–ն, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ՀՅԴ–ն , Կոմունիստական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը, դաշինքները` 7 տոկոսանոց շեմը։ Ընտրություններին հետևել է ավելի քան 28 հազար տեղական դիտորդ 49 հասարակական կազմակերպություններից և շուրջ 640 օտարերկրյա դիտորդ, ովքեր ներկայացնում են վեց հասարակական կազմակերպություններ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը, ԵԽԽՎ–ն, ԱՊՀ–ն, ԱՊՀ–ի միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպական խորհրդարանը։
ԱԺ ընտրություններն առաջինն են նոր Սահմանադրության պայմաններում, որով նախատեսվում է կիսանախագահական իշխանավարումից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում