Հ2–ը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերությունը հարցում կազմակերպել Երևանում (ՎԻԴԵՈ)

13.11.2021, 22:03
Հ2–ը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերությունը հարցում կազմակերպել Երևանում.ՎԻԴԵՈ
Հ2–ը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերությունը հարցում կազմակերպել Երևանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հ2 հայկական հեռուստաալիքը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը, ով ազգությամբ թուրք է, Երևանի կենտրոնում քաղաքի բնակիչներից հարցազրույց վերցնում հետպատերազմական տրամադրության մասին։ Դրանից հետո Ադրբեջանում և Թուրքիայում ցուցադրվել է ռեպորտաժ այն մասին, թե ինչպես են հայերն իբր հիասթափված և կոտրված 44–օրյա պատերազմի հետևանքով։

Հայերի պատասխաններն ու ադրբեջաներենի սինքրոն թարգմանությունը վերլուծել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը։

Նրա խոսքով, պատասխանների բովանդակությունը տեղ–տեղ խեղաթյուրված է։

«Հայերեն մարդը մի բան է ասում, իսկ նրա խոսքը թարգմանվում է ամբողջովին ուրիշ համատեքստում»,  – հայտարարեց Մելքոնյանը։

Միաժամանակ ադրբեջանագետն անհնար է համարում, որ հայ լրագրողը կարողանար նման հարցազրույց կազմակերպել Բաքվում։

Նրա խոսքով, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քարոզվում է հայատյացությունը։

Որպես օրինակ Մարիամը բերում է Բաքվի փողոցներում կազմակերպված հարցումը, որի ընթացքում լրագրողը հարցնում է. «Դուք պատրա՞ստ եք սպանել հայ երեխայի, թե՞ ոչ»։ Հարցվածների մեծ մասը դրական պատասխան է տվել. «Այո, եթե խոսքը հայերի մասին է, մենք պատրաստ ենք, այդ դեպքում պետք չէ տարբերություն դնել կանանց, տղամարդկանց, երեխաների և ծերերի միջև»։

Հեռուստաալիքի ռեպորտաժն իրարանցում է առաջացրել սոցցանցերում։ Մասնավորապես, պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը ռեպորտաժը հրապարակել է իր Facebook–յան էջում և բացատրություն պահանջել ԱԱԾ–ից։ Հրապարակումը հանգեցրել է ակտիվ քննարկումների։

Հ2–ով ցուցադրված ռեպորտաժի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է Արտգործնախարարություն` մեկնաբանություն ստանալու նպատակով։–0–