Գլխավոր տոնածառի լույսերը և հիասքանչ մյուզիքլ. ներկայացվել է Երևանի ամանորյա ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ Նովոստի-Արմենիա/. Ամանորյա տոնական միջոցառումները Երևանում կսկսվեն դեկտեմբերի 21-ից և կավարտվեն հունվարի 13-ին, չորեքշաբթի լրագրողների հետ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նա նշեց, որ «Ամանոր 2020» միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ՝ հայկական երգերի ու համաշխարհային ամանորյա հիթերի կատարումների ներքո:
Իսկ երեկոյի անակնկալը կլինի հայ էստրադային երգիչների մասնակցությամբ հետաքրքիր մյուզիքլը:
«Ես կարծում եմ, որ այս ձևաչափը շատ հետաքրքիր կլինի: Մեր համաքաղաքացիները հնարավորություն կստանան տեսնել հայ էստրադայի աստղերին ոչ միայն երգչի կամ երգչուհու կերպարում, այլ նաև որպես մյուզիքլի դերասաններ, և ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ մենք կունենանք ոչ թե համերգային ծրագիր, այլ կունենանք բովանդակային բարձրաճաշակ մշակութային միջոցառում, ինչը իրենից ներկայացնում է ամանորյա մյուզիքլը », – ասաց Վիրաբյանը:
Տոնավաճառ և համերգներ Երևանի 2750-ամյակի այգում
Վիրաբյանը նշեց, որ գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո Երևանի 2750-ամյակի այգում կբացվի սուրբծննդյան տոնավաճառ, որը կգործի մինչև 2020թ.-ի հունվարի 13-ը: Այստեղ ամեն օր կլինեն հետաքրքիր ծրագրեր. անցկացվելու են մանկական ներկայացումներ և այլ հետաքրքիր նախագծեր:
Հեքիաթային քաղաք Հանրապետության հրապարակում
Վիրաբյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում արդեն կառուցվում է հեքիաթային քաղաք՝ հետաքրքիր դեկորացիաներով և ժամանակակից լուծումներով:
Փոխքաղաքապետի խոսքով, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, գլխավոր տոնածառին քաղաքացիները կմոտենան կառուցվող հատուկ վերգետնյա անցումով, որը հրապարակը կկապի Երևանի 2750-ամյակի այգուն: Իսկ հունվարի 5-ին հատուկ ծրագիր կլինի մանուկների համար։
Ամանորյա գիշեր
Վիրաբյանի խոսքով, դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ից Հանրապետության հրապարակում կլինի համերգային ծրագիր՝ հայ երգիչների մասնակցությամբ, ովքեր կկատարեն իրենց լավագույն երգերը: Այդ օրն առաջին անգամ կներկայացվի «Երևան 2020» միջոցառումների համար գրված ամանորյա երգը, որը հեղինակել են Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբինյանը:
Նա նաև նշեց, համերգային ծրագիրը կշարունակվի մինչև 23։45,ինչից հետո Հանրապետության հրապարակից ուղիղ եթերում կհնչի վարչապետի Ամանորի ուղերձը: Իսկ արդեն կեսգիշերն անց տոնախմբող քաղաքացիներին կմիանա Գորան Բրեգովիչն՝ իր երգչախմբով:-0-

