«ԳեոՊրոՄայնինգ»-ը հումանիտար օգնության երկրորդ՝ 30 տոննա խմբաքանակն է ուղարկում Հայաստանում իր ներկայության մարզերին
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 30 տոննա մարդասիրական պարենային օգնություն է տրամադրել Հայաստանում իր ներկայության ազդակիր համայնքներին: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Արտակարգ դրության պայմաններում այս նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրում:
«Ընկերության ղեկավարության որոշմամբ մայիս ամսին օգնություն ստացավ Արարատի և Գեղարքունիքի մարզերի 2343 ընտանիք»,- նշվում է հայտարարության մեջ:
Ընկերության հաղորդագրության համաձայն, ցուցակներում ընդգրկված են չափազանց ծանր կացության պայմաններում գտնվող ընտանիքները, մասնավորապես, միայնակ տարեցները (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։
«Ապրիլ ամսին աջակցություն ստացավ ազդակիր համայնքների (ք․Վարդենիս և Արարատ, Գեղամասար համայնքի 18 գյուղ) 1600 ընտանիք։ Աջակցություն ստացողների ցուցակները ձևավորվել են Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության («Փարոս») ծրագրի բազայի հիման վրա»,- նշում են «ԳեոՊրոՄայնինգ»-ից:
Ընկերությունը այս սոցիալական ծրագիրը իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Կամավորների կողմից ձևավորված աշխատանքային խումբը կազմակերպում է օգնության բաշխումը կարիքավորներին :
«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ընկերությունները։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության հայաստանյան ակտիվներիում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։ -0-

