ԳՇ պետն այցելել է Սյունիք, քննարկվել են սահմանների անվտանգության հետ կապված հարցեր

19.12.2020, 20:26
ԳՇ պետն այցելել է Սյունիք, քննարկվել են սահմանների անվտանգության հետ կապված հարցեր
ԳՇ պետն այցելել է Սյունիք, քննարկվել են սահմանների անվտանգության հետ կապված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի դնել ողջ ներուժը երկիրը բարդ կացությունից հանելու համար։

«Այսօր մեր երկիրը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առջև է կանգնած, և մեզանից յուրաքնաչյուրն իր մեծ դերակատարությունն ունի իրավիճակը կայունացնելու գործում։ Հասկանում եմ՝ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է պատճառել ձեզ և բոլոր սյունեցիներին, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք։ Պետք է համախմբվել, գործել միասնաբար և համակարգված՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր հայրենիքի։ Ամեն օրն ու ժամն է այսօր կարևոր։ Զինված ուժերում սա հստակ գիտակցում են, գիտակցում եք նաև դուք, և մենք մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու կարիք ունենք։ Վստահ եմ, որ դուք ամուր կանգնելու եք ձեր հողի վրա, բանակն էլ, հավաստիացնում եմ, թիկունք է լինելու ձեզ։ Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը։ Մեր կանանց, մայրերի և զավակների ապավենն ու հայրենյաց հողի պաշտպանն է մեզանից յուրաքանչյուրը․ եկեք այս նոր իրավիճակում էլ շարունակենք ապահովել նրանց և մեր ամբողջ երկրի անվտանգությունը, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է»,- նշել է գեներալ-գնդապետ Օ․ Գասպարյանը։

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։

Загружается новость ... "Лево"

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–