«Եթե որևէ մեկը մանկապարտեզին մատակարարի անորակ սնունդ, մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք». Երևանի փոխքաղաքապետ

15.02.2020, 14:15
«Եթե որևէ մեկը մանկապարտեզին մատակարարի անորակ սնունդ, մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք», – հայտարարել է Երևանի փոխքաղաքապետը
«Եթե որևէ մեկը մանկապարտեզին մատակարարի անորակ սնունդ, մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք». Երևանի փոխքաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Փոխքաղաքապետը նշել է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մանկապարտեզներին մատակարարվել է ոչ պատշաճ որակի սննդամթերք:

«Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակը, փաթեթավորումը, մատակարարման ճիշտ ժամանակացույցը և մթերքի տեխնիկական բնութագրերին համապատասխանությունը խիստ ուշադրության կենտրոնում է, և ցանկացած ապրանք, որը չի համապատասխանի սահմանված չափորոշիչներին՝ չի ընդունվելու: 2019թ. ունեցանք մի շարք խնդիրներ, որոնք լուծվեցին՝ փոխելով մատակարարներին: Եթե հիմա էլ որևէ մեկը մանկապարտեզին անորակ սնունդ մատակարարի, ապա մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք», – ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Загружается новость ... "Лево"

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ դեպքեր են արձանագրվել, երբ մատակարարները չեն ապահովել մատակարարվելիք մթերքները (միրգ և բանջարեղեն)` պատճառաբանելով ապրանքների շուկայական թանկացումը: Իսկ մատակարարելիս էլ դրանց մեծ մասը եղել է օգտագործման ոչ ենթակա:

«Հայտարարված են եղել բաց մրցույթներ, որոնց պայմաններին ծանոթանալով են ընկերությունները տվել իրենց գնառաջարկները, մասնակցել ու հաղթել՝ պարտավորվելով ապահովել տվյալ ապրանքատեսակը: Մեր երեխաներն ամեն օր պետք է սնվեն սահմանված սննդակարգով և, եթե ունենանք ևս մեկ նման դեպք՝ ստիպված կլինենք կիրառել վարչական տույժեր և խզել պայմանագրերը»,– ասել է Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետն անդարադարձել է մատակարարման ընթացքում առաջացող մի շարք այլ խնդիրների, մասնավորապես՝ մատակարարների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը նաև շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ընկերություններին՝ պատշաճ համագործակցության համար:–0–