Երեքշաբթի` սեպտեմբերի 24–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

25.09.2019, 08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 24–ի կարևոր նորությունները։
Երեքշաբթի` սեպտեմբերի 24–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 24–ի կարևոր նորությունների սեփական տարբերակը։

  • Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Ինչպես հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն, Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:  Հիշեցնենք, որ Հարությունյանը 2003 - 2008 թթ. -ին զբաղեցրել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը։

  • Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի է ունեցելՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել ներկա իրավիճակը։ Մնացականյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Միաժամանակ, Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

  • Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: Հայաստանի Զինված ուժերի պատրաստության 2019թ.–ի պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակն է Զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:

  • Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։

  • Լոս Անջելեսում կայացած Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում։ «Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Կալիֆորնիայի հսկայական առևտրային և ներդրումային ներուժն օգտագործելու առումով: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս կարող է գործարար կապեր հաստատել Կալիֆորնիայի հետ: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: Միևնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆորնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար», - ասել է Փաշինյանը:–0–