ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2021 թ.-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թ.-ի նոյեմբերի 16-ին իրականացնելով գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականություններն ու ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, և պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնները:
Ինչի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն էլ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը փոխանցվել են հայկական կողմին։
Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, սակայն ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանում:
Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում