ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Загружается новость ... "Лево"
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–