Երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից․ ԲԿ–ից մանրամասներ են հայտնել 13–ամյա աղջկա մահվան դեպքից
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Վանաձոր» ԲԿ–ից մանրամասներ են հայտնել այսօր մահացած 13–ամյա աղջկա դեպքից։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես news.am–ին հայտնել են Վանաձորի բժշկական կենտրոնից․ 13-ամյա աղջիկ երեխայի առողջական վիճակը հիվանդանոց ընդունման պահին գնահատվել է միջին ծանրության, երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով։
«Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ ՝ախշտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է բարելավում։
Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ», – հայտնել են բժշկական կենտրոնից։

