«Էրեբունի–Երևան» տոնակատարություններն այս տարի չեն անցկացվի
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:
Հանրային հեռուստաընկերությունը և «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Դատարկ դաշտավայրում շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջից։–0–