Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորված հնդիկները վիրահատվել են

14.06.2023, 13:10
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորված հնդիկները վիրահատվել են
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորված հնդիկները վիրահատվել են
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։ Նրանք այս պահին բժշկական օգնություն են ստանում Արարատի բժշկական կենտրոնում։

Այս մասին Tert.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

Նրա խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Վիրահատվել են»,- մանրամասնել է տնօրենը։

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր ՊՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:–0–