ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։
Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։
Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։
«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։
Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի առավոտյան սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանորեն գնդակահարում հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ-ն «Նովոստի-Արմենիան»-ին հաստատել է տեսանյութի իսկությունը: Հաղորդվում է, որ նախնական ամսաթիվը 2022թ.-ի սեպտեմբերի 13-14-ն է:-0-