Ձավորվել է օպերատիվ շտաբ գետերի վարարման հետևանքով առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով

26.05.2024, 12:58
Գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են առաջացել
Ձավորվել է օպերատիվ շտաբ գետերի վարարման հետևանքով առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հորդառատ անձրևներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

Նա հայտնել է, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։

Նշենք, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են առաջացել։ Դեբեդ գետի վարարման հետևանքով հեղեղվել է Մ–6 միջպետական ճանապարհը, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, նախնական տվյալներով կա 1 զոհ։

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետի հետևանքով փլուզվել են մի շարք կամուրջներ։ Մասնավորապես, ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Տարհանվել է 232 քաղաքացի։