ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Ավելի վաղ դատարանը բավարարել էր ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և սպառազինություն մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին, ով առավել հայտնի է որպես «Պատրոն Դավո», կալանավորելի միջնորդությունը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։–0–
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: