Ձերբակալվել է Արման Սահակյանը

24.01.2025, 10:38
Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին:

Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները:

Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

Սահակյանի պաշտան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»- ի հետ զրույցում ասել է, որ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

«Մեղադրանքը բացահայտ անհիմն է, տարան դատարան, որպեսզի կալանավորեին, դատարանը վարչական հսկողություն կիրառեց, այսինքն` չկալանավորեց։ Մեղադրանքի բովանդակությանը չեմ կարող անդրադառնալ, ես ասում եմ` փողերը չի լվացել, այդ մեղադրանքը ակնհայտ անհիմն է, նույնիսկ` անհասկանալի», – նշել է Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սահակյանը եղել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, սա ըստ էության նախկին քրեական գործի շարունակությունն է։

«Հրապարակ»–ից նաև հայտնում են, որ որ մեկ այլ գործով Արման Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։