ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Загружается новость ... "Лево"
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները:
«Նախարար Տոնոյանն անհետ կորածների ծնողներին հավաստիացրել է, որ գործընթացը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում և արվում է հնարավոր ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անհետ կորած զինծառայողները ծնողները երկուշաբթի ակցիա էին կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Հավաքվածները պահանջում էին ներկայացնել զինծառայողների որոնողական աշխատանքների արդյունքները։–0–