Դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ․ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

26.12.2024, 11:48
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ․ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը: 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից 2022 թվականի հունիսի 30-ին կայացված դատավճռով Լևոն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման: 

Նշված դատավճռի դեմ Լևոն Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները: