Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գործի մասին
«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Իսկ խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ՝ խափանման միջոցն ընտրել այնպիսին, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Կարևոր է սա արձանագրել, որովհետև մեր համաքաղաքացիների մոտ տպավորություն է, որ այն քրգործով, որի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ և որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 21–ին հրապարակեվ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-
