ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, նրան ազատ են արձակել դատարանի դահլիճից»,- ասել է Ենոքյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում