Դատախազությունը մեկնաբանել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշման մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարությանն այն մասին, որ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում», – նշել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում:
Աբրահամյանն ավելացրել է, որ նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
«Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին», – նշել է Աբրահամյանը:
Նշենք, որ այսօր Զոհրաբյանը հայտնել էր, որ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Նախօրեին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության:
ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի աջակիցները, այդ թվում ԲՀԿ-ական պատգամավորներ ցույց էին իրականացնում:
Նախօրեին ԱԱԾ-ն տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:
Նախօրեին ուշ երեկոյան Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից և հայտարարեց, որ այսօրվա բոլոր գործողությունները համարում է քաղաքական։–0–