Դատախազությունը կվերսկսի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության փաստով քրգործի քննությունը. Բախշյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը բավարարվել է։
«Այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին», – նշել է Բախշյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը կապվել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հետ` փորձելով պարզաբանել, թե կոնկրետ որ քրեական գործի մասին է խոսքը։ Մամուլի ծառայության աշխատակիցը խոստացել է ավելի ուշ տրամադրել մանրամասն տեղեկատվություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 27–ի գործող քննող դատավոր Սամվել Ուզունյանը նախորդ շաբաթ գնացել է Մոսկվա։ Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, նրա ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ, ինչի կապակցությամբ ոստիկանությունն իրականացում է ծառայողական քննություն։
Ուզունյանի դեմ հարուցվել է քրեական գործ խոշոր չափիկաշառք ստանալու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։
20 տարի առաջ` 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի հանցախմբի ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Ահաբեկիչների դատը սկսվել է 2001թ.-ին և ավարտվել 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում` հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։
Այս տարի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ինչը մերժվել է։–0–