«Չեմ թողնելու մտնես»․ երևանցի պապիկին ավտոբուսի վարորդը դուրս է հանել ավտոբուսից չվճարելու համար, պարզվել է, որ նա անվճար երթևեկելու իրավունք ուներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրեր առաջ Երևանում ավտոբուսի վարորդը ավտոբուսից կոպիտ կերպով իջեցրել էր տարեց տղամարդու, ով չէր վճարել ուղեվարձը։
Այս միջադեպին իր Facebook–յան էջում անդրադարձել էր հանրային գործիր Արթուր Չախոյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Միջադեպին արձագանքել էին Երևանի քաղաքապետարանի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը։
«Մենք գտանք այդ մարդուն, և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից», – նշել է Գալջյանը։
Նա տեղեկացրել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները։ Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար», – նշել է Գալջյանը։